Չինաստանի Շենժեն (Shenzhen) քաղաքում 2026 թվականի նոյեմբերի 19-ին նախատեսված է Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Սա պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումն է, նախկինում երբևէ երեք տերությունների ղեկավարները համատեղ հանդիպում չեն ունեցել: Քաղաքագիտական շրջանակներում արդեն բավականին երկար ժամանակ է, որ շրջանառվում է «Նոր Յալթա» եզրույթը, որով փորձ է արվում բնութագրել Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո երեք տասնամյակ ձգվող անկայունության ժամանակաշրջանի ավարտը: Սի Ծինփինը, Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը պաշտոնապես ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու իրենց պատրաստակամության մասին: Նրանք մեկ հարցում միասնական են. ժամանակն է վերականգնել կայուն միջազգային կարգը ազդեցության գոտիների բաժանման և նոր միջպետական հիերարխիայի հաստատման հարցում:
Սակայն 1945 թ. Յալթայում իրավիճակը պարզ էր, հակառակորդ Գերմանիան ջախջախված էր և կապիտուլացված, անգլո-ամերիկյան և խորհրդային զորքերը հանդիպել էին բաժանարար գծում: Կողմերը դեռևս բարեհամբույր և զիջողական էին միմյանց նկատմամբ, որովհետև առջևում Ճապոնիայի ջախջախման համատեղ գործողությունն էր: Ցավոք, նոր ուրվագծվող ներկա «Նոր Յալթան» դեռևս կանգնած է չլուծված բարդ խնդիրների առջև, որոնք բարդացնելու են նրա կայացումը: Փորձեմ թվարկել դրանք:
1. ԱՄՆ-ի պատերազմը Իրանի դեմ մնում է անավարտ, անհայտ է դրա ավարտի ժամկետը և արդյունքները, որոնց մասին տարակարծություններ կան միակ դաշնակից Իսրայելի հետ:
2. Շարունակվում է պատերազմն Ուկրաինայում, որի արդյունքներից է կախված Ռուսաստանի գլոբալ դերակատարման ապագան:
3. Չինաստանը ձգտում է հնարավորինս ձերբազատվել իրանական և ուկրաինական թնջուկների մեջ միախառնվելուց՝ գերակա պահելով տնտեսական ծավալապաշտության ճանապարհների հարթումը:
4. Չինաստանի դիրքորոշումը հուշում է, որ եռակենտրոն աշխարհակարգը կկայանա, երբ ԱՄՆ-ը իր մեջ կամք և համարձակություն ունենա ի վերջո համաձայնել չխոչընդոտելու Թայվանի վերամիավորմանը մայր հայրենիքին:
5. ԱՄՆ-ի թիկունքը թուլացնում է Եվրոպական Միության առաջատար պետությունների և Մեծ Բրիտանիայի հետ բավականին սուր տարակարծությունները միջազգային հակամարտությունների և հատկապես ուկրաինական հարցերում:
6. Եռաբևեռ աշխարհակարգին կասկածամտորեն են վերաբերվում կարևոր ուժային կենտրոններ ԵՄ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան և Ճապոնիան, տարածաշրջանային մակարդակներում՝ հատկապես Թուրքիան, Իսրայելը, Իրանը և Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը:
Հիշեցնեմ, որ հանդիպումը նախատեսված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Քննարկումների կարևոր թեմաներից են լինելու միջազգային անվտանգությունը և միջուկային զինաթափումը։
Գարիկ Քեռյան